Եղինջի խայթոց

Մեր տունը Բորնհոլմի փողոցի մոտ է, Արևելյան և Արևմտյան Բեռլինի սահմանին շատ մոտ։ Բորնհոլմի փողոցի մի ծայրում մեծ երկաթյա կամուրջ է, շատ տարօրինակ բրուտալիստական տեսքով։ Կամուրջ տեսքով նման է շրջակայքի կամուրջներին մի քանիսին, բայց պատմությամբ առանձնանում է։

|300

1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևմտյան Բեռլինի հեռուստաընկերությունը հեռարձակում էր Գյունթեր Շաբովսկու մամլո ասուլիսը։ Այդ ժամանակ Բեռլինը բաժանված էր պատով, Արևմտյան Բեռլինից մարդիկ չէին կարողանում գնալ Արևելյան Բեռլին։ Ամենուր ցույցեր էին և բողոքի երթեր։

Շաբովսկին հայտարարեց ինչ-որ նոր ճանապարհորդական կարգավորման մասին։ Ասուլիսի վերջում հարցուպատասխանի ժամանակ դանիացի լրագրողը հարցրեց՝ թե երբ է ուժի մեջ մտնելու հայտարարված կարգավորումը։ Շաբովսկին վստահ չէր, բայց ասաց, որ որքանով ինքն է տեղյակ, այդ կարգավորումները ուժի մեջ են մտնում հենց հայտարարման պահին, այսինքն այդ պահին։ Շաբովսկին սխալ թույլ տվեց, որովհետև Արևմուտք-Արևելք սահմանը հսկող զինվորները տեղեկացված չէին նոր կարգավորումների մասին և պատրաստ չէին։ Արևելյան Բեռլինի բնակիչները սկսեցին կուտակվել և կարողացան տարիների դադարից հետո անարգել անցնել Արևմտյան Բեռլին։ Իսկ առաջին բացված անցակետը հենց այս կամուրջը եղավ՝ Բորնհոլմի փողոցի վրա։ Կամուրջի անունը հայերեն շատ տարօրինակ է հնչում՝ Բյոզեբրուքե (Bösebrücke), «չար կամուրջ»։

Երբ մոտենում եմ կամրջին, ձախ մասում այս պատմությունը պատմող հուշարձան է։ Ու երբ առաջին անգամ քայլում էի փողոցով շատ եղինջներ կային։ Եղինջը իմ ամենասիրելի բույսերից է։ Եղինջի սուպը շատ համով է, շաղախած եղինջը շատ համով է։ Եղինջը խայթում է կամ կծում։

Խայթոցի հիմնական նյութը ֆորմալդեհիդն է, բայց այն պարունակում է նաև հիստամին, սերատոնին, ացետիլխոլին ու այլ նյութեր։ Երբ կծում է ու մաշկը սկսում է տեղ-տեղ փքվել, հիստամինի պատճառով է։

|250

Բանջարը շատ վաղուց է օգտագործվել սննդի մեջ, բայց հիմա չգիտես ինչի բանջարով սուպ մարդիկ ավելի քիչ են օգտագործում։ Մի քանի եղինջի սուպի բաղադրատոմս նայեցի ու նրանցից ոչ մեկը նման չեն նրան, ինչ մաման Հայաստանում է պատրաստում։

Երբ փոքր էի, շատ էի վախենում եղինջի խայթոցից, հատկապես, երբ խայթում էր ձեռքերս ու հետո ջուր էր կպնում խայթած մասին, շատ էր քոր գալիս։