Փոշի կդառնա

«Փոշի կդառնա, բայց փոշի սիրո մեջ», գրել է Ֆրանսիսկո դե Կեվեդոն իր «Սեր, որ ապրում է մահից հետո» (Francisco de Quevedo: Amor constante más allá de la muerte) բանաստեղծության մեջ։

Երեկ այս խոսքերը կարդացի «Կեսգիշերային գրադարան» գրքի առաջին գլխում։ Կուզեի այդ բանաստեղծությունը ամբողջությամբ թարգմանեմ, բայց գուցե հաջորդ անգամ։ Այսօր այդքան էլ չեմ կարողանում հստակ գրել։

Որոշեցի, որ քանի դեռ կարողանում եմ այս գիրքը կարդալ, մեջբերեմ ամենահավանածս հատվածները, նրանք, որոնք նախկինում չէի նկատի և փորձեմ մտածել այդ հատվածների շուրջ։ Թողնեմ, որ միտքս հոսի։

Երկրորդ դարում, Ալեքսանդրիայի գրադարանի ամփոփիչ տեքստերի պատճառով ձևավորվեց մի իմացաբանական կանոն, ըստ որի «յուրաքանչյուր նոր տեքստ փոխարինում է իր նախկիններին, որովհետև այն ենթադրաբար ներառում է բոլոր նախկին տեքստերը»։ Հետևելով այս կանոնին Ստեֆան Մալարմեն եզրահանգել է, որ «աշխարհը ստեղծվել է, որ ամփոփվի մի գեղեցիկ գրքով»։

Գուցե իմ կյանքն էլ ստեղծվել է, որ ամփոփվի մի գեղեցիկ գրքով։ Կամ գուցե ոչ գրքով կամ ոչ մի գեղեցիկ գրքով։ Երբ մտածում եմ կյանքիս մասին, մտածում եմ այսօրվա երազիս մասին։ Երկար ժամանակ երազ չէի տեսել։ Բայց այսօր տեսա տարիների ընկերոջս, նորից եկել էր, բայց նորից սարսափելի անտարբեր էր։ Ու հասկացա, որ նա է բանալին։ Կամ կարող է՝ նա է այդ ամփոփիչ գրքի մի մասը (կամ առաջին գլուխը)։

«Ով դեպի դուրս է նայում՝ երազ է տեսնում, ով դեպի ներս է նայում՝ արթնանում է», Կարլ Յունգի իմ ամենասիրած մեջբերումներից մեկն է, որը սակայն, շատ մեյնսթրիմ ու կոնտեքստից դուրս օգտագործվող մեջբերում է։

Ալեքսանդրայի գրադարանի մասին ամենախնդալու բաներից մեկը (կամ ամենաողբերգալին) Աթենեոս Նավկրատոսցու գրածն է։ Նա մանրամասն նկարագրել է Ալեքսանդրա քաղաքի ամեն մի շինություն, բայց երբ հերթը հասել է Ալեքսանդրիայի գրադարան գրել է. «Ի՞նչ կարիք կա ընդհանրապես խոսել դրա մասին. այն անջնջելիորեն պահվում է բոլոր մարդկանց հիշողության մեջ»։ Ու մի դար հետո Ալեքսանդրայի գրադարանը վերանում։ Ոչ մեկ այժմ չգիտի ինչ տեսք է այն ունեցել և ինչու է այն վերացել։

Սա հուշում է, ինձ ամեն ինչ պետք է արձանագրել։ Նույնիսկ այն, ինչ թվում է, թե այնքան անջնջելի ու պարզ է, պետք է արձանագրվի։ Եվ նույնիսկ այն, ինչ կարիք չկա արձանագրելու, պետք է արձանագրվի։

Չեմ ցանկանում ավելի մանրամասն պատմել Ալեքսանդրայի գրադարանը ու Բաբելոնյան աշտարակի առապելների մասին, որոնք շատ ավելի հրաշալի կերպով ներկայացված են գրքի առաջին գլխում։

Շփոթվեցի ու գուգլեցի «Բաբելոնի գրադարան» «Բաբելոնի աշտարակի» փոխարեն։ Ու եկա այս կայք, որը ստեղված է Բորխեսի «Բաբելոնի գրադարան» պատմվածքում նկարագրվող գրադարանի հիման վրա։ Այս կայքի որոնումներով, գտա Ռեդիթում մի գրառում, որտեղ պատմում է, թե ինչպես են կայքում գտել հեղինակի և Ռեյչլի անձնական նամակները։

Ուզում էի նաև ավելացնեմ, որ կուզեի կարդամ Ջոնաթան Բազիլի Tar for Mortar: "The Library of Babel" and the Dream of Totality գիրքը։