Կեսգիշերային գրադարան

Այսօր Թալիայում քայլելիս մի գիրքը տեսա, որի անունը «Կեսգիշերային գրադարան» (Midnight Library) էր։ Գրքի անունն ու կազմը շատ գրավիչ էին, մի քիչ բովանդակությունը կարդացի ու հիշեցի իմ սիրելի գրքերից մեկը՝ Ալբերտո Մանգուելի «Գրադարանը գիշերը» (The Library at Night) գիրքը։ Կոնկրետ չեմ հիշում, թե ինչի եմ սիրում այդ գիրքը, բայց հիշում եմ, թե ինչ զգացմունքներ էի ունենում, երբ կարդում էի այդ գիրքը։ Ինչքա՜ն հիասքանչ էի զգում։

Ուզում եմ այդ գրքի բովանդակությունը թարգմանեմ, որովհետև այդ գիրքը եղել է իմ կայքի ստեղծման ներշնչանքներից մեկը։

Գրադարանը որպես առասպել
Գրադարանը որպես կարգ
Գրադարանը որպես տարածություն
Գրադարանը որպես իշխանություն
Գրադարանը որպես ստվեր
Գրադարանը որպես ձև
Գրադարանը որպես հնարավորություն
Գրադարանը որպես աշխատարան
Գրադարանը որպես միտք
Գրադարանը որպես կղզի
Գրադարանը որպես գոյատևում
Գրադարանը որպես մոռացում
Գրադարանը որպես երևակայություն
Գրադարանը որպես ինքնություն
Գրադարանը որպես տուն

Այսօր կուզեի այս գիրքը կարդամ քնելուց առաջ։ Թարգմանելուց հիշեցի, որ երևի այս գրքից եմ սովորել անգլերեն «մոռացում» բառը։ Oblivion, մոռացում, որ սերում է լատիներեն oblīviō «մոռացկոտություն» և oblivisci «մոռանալ» բառերից։

Նույն գրադարանում նաև տեսա մի գիրք, որը վերջերս եմ կարդացել բել հուքսի «Ամեն ինչ սիրո մասին» (All about love) գիրքը։ բել հուքսը պատմում է սիրո մասին և փորձում սահմանել՝ ի՞նչ է սերը, ֆեմինիզմի, հոգատարության, միմյանց հետ կապվածության տեսանկյունից։ Նա պատմում է, ինչպես սերը կարող է բուժել և ամոքել։ Հիշում եմ, որ գրքում մի հատված կար, որ ամենաշատն էի հավանել ու անընդհատ կարդում է Բեռլինի M1 տրամվայում։

|200

Չորրորդ գլուխն էր, «Պարտավորություն. թող սերը լինի սեր իմ ներսում», այն պատմում է ինքներս մեզ սիրելու, ինքներս մեզ սիրելու դժվարության ու կարևորության մասին։

«...Ինքներս մեզ սիրելը մեր սիրո հիմքն է։ Առանց դրա՝ մեր բոլոր սիրելու ջանքերը ձախողված են։
...Ինքներս մեզ սիրելու լավագույն ուղեցույցներից մեկը ինքներս մեզ այնպես սիրելն է, ինչպես որ հաճախ երազում ենք, որ մյուսները մեզ սիրեն։
...Եվ ես ավելացնում եմ. «Մի ակնկալիր մյուսներից այնպիսի սեր, ինչպիսին որ դու ինքդ քեզ չես պարգևում։»

Մի կողմից այս խոսքերը հրաշալի են, բայց մյուս կողմից շատ ցավացնող։

Ամեն գիշեր քնելուց առաջ գրքեր եմ որոնում ու որոշում եմ կարդալ։ Որոշ ժամանակ առաջ մտածում էի, թե ոչինչ այլևս ինձ չի հետաքրքրում։ Հիմա կարծես հասկանում եմ։ Գրքեր գտնելը, տեղեկատվություն գտնելը ինձ ուրախացնում է։