Հրերի միջատը

Միջատները ամենաբազմազան կենդանիների խումբն են, նկարագրված է մոտ մեկ միլիոն տեսակ, բայց միջատների տեսաների ընդհանուր թիվը գնահատվում է մինչև ութ միլիոն։

Փոքր ժամանակ շատ միջատներ են եղել, բայց մեկը կար, որ առանձնահատուկ սիրում եմ մինչև հիմ։ Չեմ հիշում, փոքր ժամանակ կոնկրետ ոնց էինք անվանում, բայց կրակի պես կարմիր միջատ էր, շատ արտասովոր ու առեղծվածային նախշով։

Երեկ Կառան, Սիրարփին ու ես մի պահ խոսացինք էլի միջատի մասին ու գիշերը փնտրեցի ու գտա հայերեն անվանումը՝ անթև կարմրամլուկ կամ մլուկ-զինվորիկ։ Այսօր նաև չալարեցի ու Վիքիպեդիայում այդ միջատի մասին հոդվածը գրեցի, որպես շնորհակալություն իմ մանկության հիշողությունների համար։

Ինչպես արդեն ասացի, միջատը շատ տարօրինակ տեսք ունի։ Իսկ նրա վրայի նախշը ինձ թվում է, ամենագեղեցիկ նախշերից մեկն է, որ տեսել եմ միջատների մոտ։ Երբ փոքր էի, շատ էինք խաղում նրանց հետ, բայց նաև շատ էինք տանջում։ Հիշում եմ, որ մի անգամ խմբերով հավաքել էի ու ինչ-որ ռետինի կտորով խփում էի ու սպանում նրանց։ Գիտեմ, տարիներ են անցել ու գիտեմ, շատ փոքր էի։ Բայց հիշում եմ ու ցավում եմ։ Ինչու՞, տես ուղեցույցը։

|200

Եթե ես կարողանայի ստեղծել աշխարհի արարման առասպելի իմ տարբերակը, կցանկանայի, որ աշխարհի արարումը սկսեր այս միջատից։ Կուզեի, որ մլուկ-զինվորիկի ձուն ընկեր հողի վրա, նրանից գոյանար առաջին մլուկ-զինվորիկը, բազմանար, առաջացներ մեծ կուտակումներ, և այդ վայրերում և կուտակումների ձևափոխություններից գոյանային մյուս կենդանի էակները, այդ թվում՝ մարդը։ Իսկ մարդու դեմքը գոյանար մլուկ-զինվորիկի նաշխից, որովհետև շատ նման է։

Հին հունաստանում միջատների աստվածը Թիֆոնոսն էր։ Էոսը սիրահարվել էր նրան և ամուսնացել նրա հետ, որի պատճառով Թիֆոնոսին շնորհվել էր հավերժական կյանք։ Բայց երբ Էոսը Զևսից խնդրել էր Թիֆոնոսին պարգևել հավերժական կյանք, մոռացել էր խնդրել, որ հավերժ ապրելու հետ նաև հավերժ երիտասարդություն շնորհեր։ Սրա պատճառով, Թիֆոնոսը ապրում էր հավերժ, բայց ծերանում էր ամեն տարի։ Վերջում այնքան խղճալի վիճակում էր, որ աստվածները գթացին և նրան դարձրեցին ճպուռ։

Սիրելի Թիֆոնոս, խնդրում եմ ներես ինձ փոքր ժամանակ մի քանի հարյուր մլուկ-զինվորիկների ոչնչացման համար։