Ականջի որդ

Այսօր Սիրարփին ասաց «Ohrwurm» կամ անգլերեն Earworm, որը հայերեն թարգմանաբար կլինի ականջի որդ։ Այդ այն երևույթն է, երբ երգի կամ երաժշտության մի կտորը անընդհատ մնում է մտքի մեջ ու կարծես անընդհատ կրկնվում է։

Այս երևույթը շատ են փորձել հետազոտել, չնայած որ մինչ այժմ շատ բան հայտնի չէ։ Ականջի որդի պատճառը կարող է այն լինել, որ գլխուղեղը փորձում է ինչ-որ բաց լրացնել լսողական կեղևում, որը գտնվում է քունքային բլթում։ Լսողական կեղևում կա կարճատև հիշողության մի համակարգ՝ հնչյունային օղակը, որն էլ երևի ականջի որդի երևույթն է առաջացնում։

Այսօրվա ականջիս որդերից մեկը մի վարկած էր, որը մի անգամ լսել էի աշխատանքային հանդիպումների ժամանակ։ Լավ չէի հիշում, թե ինչ է, բայց հիշում էի, որ ինչ-որ շատ հետաքրքիր վարկած էր, որ կազմակերպությունների կառուցվածքը արտացոլում է նրանց կառավարումը։

Մի քիչ փնտրեցի ինտերնետում ու վերջապես գտա, թե ինչ էր պտտվում աանջումս որդի պես՝ Քոնվեյզի օրենքը։ Ըստ Քոնվեյզի օրենքի, որը վարկած էլ չէ, այլ ավելի շատ ասացվածք՝ կազմակերպությունների նախագծած համակարգերը, արտացոլում են իրենց հաղորդակցության կառուցվածքը։ Այլ կերպ ասած, ինչպիսին, որ քո ներքին հաղորդակցությունն է, այնպիսին էլ կլինի քո նախագծած համակարգը։

Յուրդոնը և Կոնստանտինը բերել են այս օրենքի ավելի լավ ձևակերպում։
«Կազմակերպության կողմից նախագծած ցանկացած համակարգի կառուցվածքը իզոմորֆ է այդ կազմակերպության կառուցվածքին»։

Նույնը եթե կարողանայի իմ մասին ասել, թե այն ինչ ստեղծում եմ իմ հայելին է, ապա նշանակում է իմ համակարգը ինչ-որ բանի դեռ պիտանի է։

Այսօր նաև խորոված ուտելու էինք գնացել ու երկրորդ ականջի որդս այն էր, որ մտածում էի, թե ինչ ծագումնաբանություն ունի խորոված բառը։ Նոր նայեցի Աճառյանի արմատական բառարանում։ Խորովածի արմատը խորով-ն է՝ «կրակի վրա այրելը», որը բնիկ հայկական բառ է, հնդեվրոպական նախալեզվի qor արմատից։