Հայելու հայելին
«Եթե գիրքը տիեզերքի հայելին է, ապա գրացուցակը այդ հայելու հայելին է», ասում է «Կեսգիշերային գրադարան» գլխի երկրորդ գրքում, որը պատմում է գրադարանում գրքերի ունեցած կարգի մասին։ Իսկ իմ հայելին գուցե լիներ իմ օգտագործման ուղեցույցը։
Մի քանի շաբաթ առաջ, երբ նորից տրամադրությունս ընկած էր Ռեդիթում գտա մի ուղեցույց, որի անունն էր The essential guide to overcoming avoidant personality disorder, Մարթին Քենթոր, «Խուսափող անձնային խանգարումը հաղթահարելու ուղեցույց։ Գիրքը սկսեցի կարդալ գերմաներենի դասի գնալուց ու մի պահ ինձ թվաց, թե այս գիրքը գուցե իմ ուղեցույցն է։ Շատ բաներ, որ երբևէ չէի մտածել իմ մասին գտա այս գրքում։ Գուցե խուսափող անձնային խանգարումն է իմ հայելին կամ խուսափող անձնային խանգարումը հաղթահարելը։ Կամ իմը երկկողմանի հայելի է։ Այդ նույն էջում հղված էին նաև այլ գրքեր, որոնց մեծ մասը այդպես էլ չկարողացա բացել։
Պապայի մասին մտածելիս հիշում եմ «Օզի կախարդը» գիրքը, որը եղել է նրա մանկության գրքերից մեկը։ Այդ գիրքը առաջին անգամ տեսել եմ Փամբակում, մյուս գրքերի հետ ու պապային խնդրելով՝ բերել տուն։ Գրքի հայերեն թարգմանությունն էր, բայց վերջին մի քանի գլուխը չկային՝ ինչ-որ մեկը պոկել էր։ Այսօր Գրապահարանում գտա այն ու վերջին մի գլուխը կարդացի։ Մինչև հիմա հիշում եմ գրքի մաշված էջերի փափկությունը։
Օզի կախարդը գրքից իմացա, որ ԱՄՆ-ում քաղաք կա, որի անունն է Կանզաս։ Երբեք չեմ մտածել, որ այդ քաղաքում մարդիկ են ապրում, մինչև մի անգամ կոնֆերանսներից մեկին հանդիպեցի մի գրադարանավարի, որը Կանզասից էր։ Ես նրան ասացի, որ Կանզասը գիտեմ Օզի կախարդը գրքից, որը կարդացել եմ փոքր ժամանակ, իսկ նա զարմացավ։ Բայց իրոք զարմանալի է։
Մյուս ԱՄՆ-ի քաղաքը, որը գրքից եմ իմացել՝ Դետրոյթն է, իսկ գիրքը «Միդլսեքսը» Ջեֆրի Էվգենիդեսի։
Վեպը Կալիոպեի մասին է, որի ընտանիքը Զմյուռնիայի աղետից փախչելով հասնում է ԱՄՆ, Դետրոյթ։ Հայերի մասին էլ կա գրքում։ Այդտեղից եմ նաև իմացել Զմյուռնիայի աղետի մասին։ Մինչև հիմա մեջս հնչում է Դետրոյթի կարգախոսը՝ Speramus meliora; resurget cineribus, «Հուսալով ավելի լավը, այն կբարձրանա մոխրից»։
Այսօր նաև «Ալքիմիան Հայաստանում» գիրքը վերհիշեցի, ամեն անգամ որոշում եմ ավելի մանրամասն կարդալ, բայց միայն պատահական էջեր եմ կարդում։