Հանրային արդարություն
Մի քանի օր առաջ նշեցի, որ հետաքրքիր դասախոսությունների շարք եմ գտել Հարվարդից, որտեղ դասախոսը քննարկում է արդարությանն ու բարոյականությանը առնչվող հարցեր։
Այսօր այդ դասախոսությունները համարյա ամբողջությամբ ավարտեցի ու կցանկանայի բոլոր հիմնական մասերը քայլ առ քայլ ամփոփել։ Դասախոսությունները այնքան սիրեցի, որ ամենավերջում, երբ Սանդելը ամփոփում էր ամբողջ շարքը հուզվեցի ու երջանիկ զգացի։
- Առաջին մի քանի դասախոսությունները նվիրված էին բարոյական շուրջ մտածողությանը և բարոյականության թեմաների քննարկմանը։ Բերվեցին մի քանի օրինակներ՝ մարդկանց փրկելու համար այլ մարդկանց զոհաբերելու, կանիբալիզմի, մարդու կյանքին դրամային արժեք տալու շուրջ։
- Չորրորդ դասախոսության մեջ դասախոսը քննարկում է ուտիլիտարիզմը և ընդհանուր բարիքի համար կատարվող գործողությունները։ Բարոյական և արդար է այն, ինչ բերում է առավելագույն բարիքը։
- Ապա սկսվում է քննարկվել լիբերտարիանիզմը և նրանց փիլիսոփայությունը, որ կենտրոնում անհատն է և պետությունը չի կարող ունենալ բաշխիչ, ազատությունը սահմանափակող, սեփականությունը խախտող և նույնիսկ հարկադրաբար հարկեր հավաքող դեր։
- Լիբերտարիան փիլիսոփայության ժամանակ անդրադարձ է կատարվում նաև Ջոն Լոքի փիլիսոփայությանը, մարդու բնական վիճակի՝ ծնված ժամանակ եղած որոշակի իրավունքների մասին, որ նույնիսկ կառավարությունը և օրենքները չեն կարող սահմանափակել։ Այստեղ շատ հետաքրքիր էր հողի հանդեպ անհատի սեփականության իրավունքի քննարկումը և թե ինչպես էր Լոքը փորձում արդարացնել գաղութատիրությունը։
- Հաջորդ մի քանի դասախոսության մեջ քննարկվում է պետության կողմից մարդկանց պատերազմ ուղարկելու, սպերմայի և ձվաբջիջների բանկի, սուրոգատ մայրերի և նմանօրինակ մի քանի դեպքերի բարոյական կողմը։
- Խոսվում է Կանտի փիլիսոփայության մասին։ Սա ինձ համար ամենադժվար հասկանալի դասախոսություններն էին։ Կանտի փիլիսոփայությունը, կատեգորիկ իմպերատիվի, բարոյականության համընդհանուր սկզբունքի մասերը շատ բարդ էին հասկանալու համար, հատկապես անգլերեն։
- Սանդելը ներկայացնում է էգալիտարիզմը, արդար հասարակության Ջոն Ռոլզի պատկերացումները, մերիտոկրատիան, արդար վարձատրման հարցերը։
- Հաջորդ մի քանի դասախոսությունները անդրադառնում են Արիստոտելի փիլիսոփայությանը և տելեոլոգիային, թե մինչև քննարկելը արդարության հարցերը, պետք է նախ հասկանալ երևույթների նպատակը։
- Այստեղ մի քանի դասախոսություն բաց եմ թողել։
- Վերջում, ուսանողները բանավիճում են միասեռական ամուսնության բարոյական խնդրի շուրջ։ Եթե արդարության սկզբունքները հիմնված են բարոյական կամ արժեհամակարգային նպատակների վրա, որոնց իրավունքները ծառայում են, ապա ինչպե՞ս պետք է գործենք այն խնդրի հետ, որ մարդիկ ունեն տարբեր գաղափարներ և պատկերացումներ բարիքի շուրջ։ Կարո՞ղ ենք օրինակ լուծել նույնասեռական ամուսնությունների հարցը առանց քննարկելու նույնասեռականության բարոյական կողմը և ամուսնության նպատակը։
- Վերջին դասախոսության ժամանակ Սանդելը հարցականի տակ է դնում այն տեսակետը, թե կառավարությունը և օրենքը պետք է նեյտրալ լինեն բարոյական հարցերի վերաբերյալ։ Նա պնդում է, որ հասարակության մեջ արդարության հասնելու համար, պետք է ոչ թե անտեսել, այլ ակտիվորեն քննարկել և հաշվի նստել համաքաղաքացիների բարոյական պատկերացումների հետ։